Մենք օգտագործում ենք cookie ֆայլերը ձեզ առավելագույն հարմարավետություն ապահովելու համար:

Եթե դուք շարունակեք օգտվել այս կայքից, մենք կհամարենք, որ դուք գոհ եք մեր Գաղտնիության քաղաքականությունից: Գաղտնիության քաղաքականություն

Ընդունել

Երևանը կրկին դառնում է դասական երաժշտության միջազգային հարթակ

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը, որը ավելի քան մեկ տասնամյակ Երևանը ներկայացնում է որպես միջազգային երաժշտական կյանքի կարևոր կենտրոն։ Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի աջակցությամբ։

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Ծրագրում կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանի կատարմամբ։ Համերգի երկրորդ բաժնում Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ կհնչի Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։

Փառատոնի շրջանակում Երևանում հանդես կգան միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, այդ թվում՝ թավջութակահար Էմանուել Գրաֆը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Անտոնիո դի Կրիստոֆանոն, ինչպես նաև Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը։ Համերգները կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Վահագն Պապյանը և Բոյան Սուդիչը։

Առանձին համերգով կներկայացվեն նաև Արվո Պյարտի ստեղծագործությունները՝ նվիրված կոմպոզիտորի 90-ամյակին։

Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի քաղաքապետարանը, իսկ ռազմավարական հովանավորը՝ Freedom Broker Armenia ընկերությունը։ Համագործակցության շրջանակում երիտասարդ հայ օպերային մեներգիչները հնարավորություն կունենան մասնակցելու Ջանլուկա Մարչիանոյի վարպետության դասերին և հանդես գալու համատեղ համերգով։

Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 19-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Սիմֆոնիկ Նոր տարի․ Խաչատրյան + ջազ» տոնական համերգով։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը հիմնադրվել է 2013 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ 2021 թվականից փառատոնը Եվրոպական փառատոնների ասոցիացիայի անդամ է՝ ընդլայնելով Խաչատրյանի երաժշտական ժառանգության միջազգային ներկայացման և հանրահռչակման հնարավորությունները։